Էներգետիկ ըմպելիքները կարող են կոկաինային կախվածություն առաջացնել  

14 օգոստոսի, 2017  11:07

Էներգետիկ ընպելիքները կարող են կոկաինին կապող «կամուրջ» դառնալ, պնդում են Մերիլենդի համալսարանի հետազոտողները:

Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն՝ այն երիտասարդները, որոնք 21-ից մինչեւ 25 տարեկանը շաքար եւ կոֆեին պարունակող մեծ քանակությամբ ըմպելիքներ են օգտագործել, ավելի հաճախ են կոկաինային կախվածություն ունեցել: Դրանից բացի, նման մարդիկ հետագայում ավելի հաճախ են ալկոհոլամոլ դարձել կամ ամֆետամին ու այլ խթանիչներ օգտագործել:

«Այս հետազոտությունը վկայում է ապագայում հոգեմետ նյութերի օգտագործման վրա էներգետիկ ըմպելիքների զգալի ազդեցության մասին»,- նշել է Մերիլենդի համալսարանից Ամելիա Արիյան:

Հետազոտությանը 1099 մարդ է մասնակցել, որոնց կեսից ավելին էներգետիկ ըմպելիքների ակտիվ օգտագործողներ էին:

Գիտնականներն ընդգծում են, որ այնպիսի խթանիչներին անցնելու վտանգը, ինչպիսին են թմրանյութերը եւ ալկոհոլը, կապված է էներգետիկ ընպելիքներում կոֆեինի մեծ պարունակության հետ: Ստացած տվյալների համաձայն՝ էներգետիկ ըմպելիքները կարող են մեկ լիտրում այդ նյութի մինչեւ 320 միլիգրամ պարունակել, որը համարժեք է սուրճի 4 գավաթին:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Drug and Alcohol Dependence պարբերականում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում